Երիկամային անբավարարությամբ տառապող 22-ամյա Սեւակ Սարգսյանին անհապաղ վիրահատություն է հարկավոր, սակայն ընտանիքը նրա բուժման համար չունի անհրաժեշտ գումարը:

 «Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, որը նույնպես այդ հիվանդությամբ էր տառապում, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված  ընտանիքիս: Բուժվում եմ արդեն մի քանի տարի, շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալիզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաեւ լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասում է Սեւակ Սարգսյանը:

Հիվանդության պատճառով Սեւակն  աշխատել չի կարողանում՝ հայրն ու եղբայրը եւս, քանի որ ավագ որդու համար դոնոր դառնալուց հետո հայրն ապրում է մեկ երիկամով, իսկ եղբայրը՝ Ռուսլանը հիվանդության պատճառով ծանր աշխատանք անել չի կարողանում:

Միեւնույն ժամանակ, դիալիզը լիարժեք բուժում չի ապահովում երիտասարդի համար, նրան անհրաժեշտ է Գերմիանիայում երիկամի փոխպատվաստում անել։

 «Հայրս արդեն եղել է եղբորս դոնորը, մայրս՝ դոնոր դառնալ չի կարող, քանի որ այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց իր կողմից: Այլ մոտ բարեկամ մենք չունենք: Այնպես որ ես վիրահատվելու հույս չունեի: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Գերմանիայում հնարավոր է վիրահատություն կատարել: Դիմեցինք կլինիկաներից մեկին ու ստացանք դրական պատասխան: Պետք է մեկնեմ այնտեղ, հետազոտվեմ ու վիրահատվեմ: Սա ինձ համար բուժվելու հույս է, բայց այն իրականություն դարձնելու համար ընտանիքս գումար չունի», - ասաց Սեւակ Սարգսյանը:

Նշենք, որ Սեւակի ավագ եղբայրը՝ Ռուսլանը նույնպես նույն հիվանդությամբ է տառապել, նա բարերարի աջակցությամբ վիրահատվել է եւ հաղթահարել հիվանդությունը: Սեւակը հավատում է, որ իրեն նույնպես օգնել ցանկացողներ կհայտնվեն եւ ինքը նույնպես կապաքինվի։

Սեւակ  Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ:

AMD 151 002 463 009 0100

USD 151 002 463 009 0101

EUR 151 002 463 009 0149

RUB 151 002 463 009 0158

Մանրամասների համար կարող եք դիմել Սեւակին՝ հեռ. 077343335, կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ. 077242938: