Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով հունիսի 22-ին նախագահական հանձնած նամակի պատասխանը դեռ չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ տիկին Աննան նշեց, որ չնայած` իրենց խոստացել են, որ մեկ շաբաթվա ընթացքում կպատասխանեն նամակին, սակայն, մինչեւ այսօր դեռ պատասխան չունեն:
«Կսպասենք, եթե չպատասխանեցին, նորից կգնանք նախագահականի մոտ ցույց անելու, մենք չենք թողնելու, որ մեր տների հարցով ամեն անգամ խոստումներ տան ու ոչինչ չանեն, էլ չի կարող էսպես շարունակվել»,-ասաց տիկին Աննան:
Նա նշեց, որ իրենք մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, վերջինը խոստացել է աջակցել բնակիչներին խնդրի լուծման հարցում, սակայն, մինչեւ հիմա ոչինչ չի արվել:
Նշենք, որ Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչների տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել: Նրանք արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում են իրենց խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրենց ու իրենց նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարար Էդիկ Թախունցին, որի հետ 2004թ. պայմանագիր են կնքել՝ իրենց տների փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան ստանալու վերաբերյալ, սակայն, մինչեւ այսօր այդ խոստումը չի կատարվել:




























