Իսպանացի սիրողական պատմաբան Պոլիկարպո Սանչեսը հայտնաբերել է այն լրագրողական վկայականը, որով ֆրանսիացի գրող եւ օդաչու Անտուան դը Սենտ-Էկզյուպերին լուսաբանում էր Իսպանիայում 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի դեպքերը, հայտնում է «Ռոսբալտը»

Փաստաթուղթը թվագրված է 1937-ի ապրիլի 16-ով: Այդ պահին գրողը 36 տարեկան է եղել: 52-ամյա իրավաբան Պոլիկարպո Սանչեսը վկայականը հայտնաբերել է Դոլեդոյի նահանգի մի փոքրիկ գյուղում այլ փաստաթղթերի մեջ` քաղաքացիական պատերազմի մասին կինոյին նվիրված հետազոտության ընթացքում: 

Սենտ-Էկզյուպերին լրագրողական գործունեության թույլտվություն ստանալիս որպես հասցե նշել էր Hotel Florida-ն իսպանական մայրաքաղաքում, որում կանգ էին առնում  շատ գրողներ, որոնք Իսպանիա էին եկել պատերազմը տեսնելու, օրինակ` Էռնեստ Հեմինգուեյը: 

Սենտ-Էկզյուպերին Բարսելոնից լուսաբանում էր ռազմական գործողությունների ընթացքը ֆրանսիական   L'Intransigeant թերթի, իսկ այնուհետ` Paris-Soir-ի համար:

Գրողն անհետացել էր 1944 թվականին Միջերկրական ծովի վրայով թռչելու ընթացքում,  «Փոքրիկ իշխանը» պատմվածքի հրապարակումից կարճ ժամանակ անց: Նրա մարմինն այդպես էլ չէր հայտնաբերվել: