Մեքսիկացի լրագրողուհի Լիդիա Քամմինգը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել, երբ ինտերնետում հայտնվել է ռեպորտաժներից մեկի ընթացքում արված նրա լուսանկարը: Մեքսիկայի կենտրոնական մասում Պուեբլա քաղաքում ուժեղ ջրհեղեղը լուսաբանող թղթակցին լուսանկարում ձեռքերի վրա տանում են տեղի բնակիչները` տղամարդ եւ կին, հայտնում է NEWSru-ն:
Լուսանկարն արած լուսանկարիչը այն տեղադրել է Facebook սոցցանցում Քամմինգի էջում: Այնտեղ այն նկատել է մեկ այլ լրագրող` Խոսե Դանիել Էրնանդեսը, որը լուսանկարը վերատեղադրել է Twitter-ի իր էջում` այն ուղեկցելով բացահայտող մեկնաբանությամբ. «Ամոթ: TV Azteca-ի թղթակից Լիդիա Քամմինգը պահանջում է, որ իրեն ձեռքերի վրա տանեն, որ չթրջվի»: Այս տեսագրության փրինթսկրինը հրապարակել է Buzzfeed կայքը:
Էրնանդեսը լրագրողուհուն նաեւ ստորացուցիչ մականուն է տվել LadyReportera, որը սկսել են կրկնել նաեւ այլ օգտատերեր: Նա նաեւ նշել է, որ Քամմինգը հավանաբար «չէր ուզում թրջել իր փոքրիկ ոտքերը»:
Պատմությանն արագ տեղեկացել են այլ օգտատերեր եւ շուտով Քամմինգի լուսանկարը մեմ է դարձել:
Ինքը` լրագրողուհին փորձել է արդարանալ` հայտնելով, որ տեղի բնակիչներն իրենք են իրեն օգնություն առաջարկել, իսկ ինքը չի ցանկացել մերժելով վիրավորել նրանց: Նրա խոսքով, իրենց ընդամենը մի քանի վայրկյան են ձեռքերի վրա տարել, իսկ հետո գետին են դրել:
Իմիջիայլոց, այդ բացատրությունները չեն օգնել: Ալիքի ղեկավարությունը լրագրողին մեղադրել է ոչ պրոֆեսիոնալիզմի համար եւ զրկել է աշխատանքից: Հետագայում Քամմինգը Twitter-ի իր էջում տեսաուղերձ է տեղադրել, որում խոստովանել է, որ սխալ է թույլ տվել: Այնուամենայնիվ, նա մտադիր չէ հրաժարվել լրագրողի կարիերայից: «Ես սիրում եմ այդ մասնագիտությունը: Երբ ամեն ինչ մի քիչ խաղաղվի, ես կշարունակեմ այդ գործով զբաղվելու հնարավորություն փնտրել», - գրել է նա:
El Pais-ը նշում է, որ Քամմինգն այժմ 24 տարեկան է: Նա TV Azteca Puebla ալիքում աշխատանքը սկսել էր 2015-ի սեպտեմբերին: Լուսանկարը, որի պատճառով նա աշխատանքից զրկվել է, արվել է հունիսի 27-ին:
































