Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անի Բաբելյանի պաշտպան Կարեն Սարդարյանն առաջին նիստին ներկա չէր, քանի որ այլ գործով դատական նիստի էր այլ դատարանում:
«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող: Ես Անի Բաբելյանից չեմ հրաժարվել, ես նրա պաշտպանն եմ: Առաջին նիստի չէի եկել, քանի որ այլ գործով դատական նիստի էի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գիտեի, որ գործընկերս՝ Գեղամ Հակոբյանը, միջնորդելու էր նիստը հետաձգել գործի նյութերին ծանոթանալու համար: Հետեւաբար, որոշեցի չգալ, քանի որ նիստը հետաձգվելու էր: Եթե Գեղամ Հակոբյանը նման միջնորդություն էլ չներկայացներ, ես գալու էի եւ հետաձգման միջնորդություն ներկայացնի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Կարեն Սարդարյանը՝ վստահեցնելով, որ ինքը հաջորդ նիստերին ներկայանալու է:
Թե ինչու առաջին նիստին պաշտպանը չէր եկել, Անի Բաբելյանը դատավորին հայտնեց, որ տեղյակ չէ: Նշենք, որ ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Անի Բաբելյանը հրաժարվել է Կարեն Սարդարյանից, որը պաշտպանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի անձնակազմի շահերը, իսկ դատարանում էլ արդեն՝ Բաբելյանի: Կարեն Սարդարյանը, սակայն, վստահեցրեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ Կարեն Սարդարյանի մասին NEWS.am-ի հարցը Անի Բաբելյանն անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ առաջին նիստը նշանակվել էր հուլիսի 7-ին: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը եւ 2 շաբաթ ժամանակ տվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:
Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























