Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի եւ նորածնի գործը վերաբացվեց:

Վերաքննիչ դատարանն օրերս մերժել էր դատախազության դիմումը, որով բողոքարկում էր առաջին ատյանի կայացրած որոշումը, այն է վերաբացել կարճված գործը:

«Դատախազությունը սահմանված ժամկետում բողոք չի ներկայացրել Վճռաբեկ դատարան, հետեւաբար գործը հաստատապես վերաբացվում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Պապանյանի ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի շահերը պաշտպանող Աննա Դավթյանը:

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը դիմել էր դատարան՝ բողոքարկելով կնոջ մահվան առթիվ հարուցված գործը անհիմն կարճելու որոշումը: Դատարանը բավարարել էր բողոքը:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

1,5 տարի գործը քննելուց հետո որոշում էր կայացվել կարճել այն: