Իսրայելում Հուկոկ բնակավայրի Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի սինագոգի պեղումների ընթացքում հնագետները երկու նոր խճանկարային պաննո են հայտնաբերել: Դրանցում հնարավոր է հեշտորեն ճանաչել Նոյյան տապանի եւ Եգիպտոսից հրեաների ելքի ընթացքում ծովի նահանջի պատկերները: Այդ ժամանակաշրջանի նման գտածոները ծայրաստիճան հազվագյուտ են, հայտնում է Gazeta-ն:
Նոյյան տապանի ընդամենը երկու պատկեր կա. Ջերաշում` Հորդանանի հյուսիում եւ Թուրքիայում` Միսիսում:
Խճանկարում կարելի է տեսնել երկար ճանկերով մի զույգ արջ, եղնիկին հետապնդող ընձառյուծի, մի զույգ երկարոտն ավանակ, մի զույգ առյուծ, ինչպես նաեւ ոչխարներ, այծեր, սիրամարգեր, ուղտեր, փղեր, օձեր եւ այլ կենդանիներ, որոնք, Աստվածաշնչի համաձայն, ջրհեղեղից առաջ մտել են տապան:
Խճանկարով երեսպատված է սինագոգի հյուսիսային մասը` այնպես, որ ավանդաբար հարավային կողմում գտնվող գլխավոր մուտքից մտնող մարդիկ անպայման տեսնեն դա:
Սինագոգի պեղումներն իրականացվել են 2012 թվականից: Մինչեւ վերջերս հնագետներն աշխատում էին դրա արեւելյան մասում, որտեղ մի շարք անսովոր պատկերներ էին հայտնաբերել ուղղանկյուն պանելներին. եբրայերեն գրությունները շրջանակված են թատերական դիմակներով, կուպիդոններով եւ պարողներով, Սամսոնը Դատավորների գրքի աղվեստների հետ, Սամսոնը` Գազայի դարպասներն ուսերին, ինչպես նաեւ բացառիկ եռամակարդակ խճանկար, որը պատկերում է երբեւէ հայտնաբերված առաջին ոչ աստվածաշնչյան պատկերը. երկու կարեւոր տղամարդու հանդիպումը, որոնցից մեկին ուղեկցում են զրահավոր զինվորներ եւ մարտական հարդարմամբ փղեր:
Այժմ խումբը սկսել է Ելքի տեսարանը պատկերող խճանկարի մաքրումը. մի քանի ոլորուն ձուկ, ոտքերը վեր պարզած լողացող ձի եւ զինվորներ` նիզակներով եւ վահաններով, որոնց ուժասպառ են արել Կարմիր ծովի ալիքները:



























