Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի պնդմամբ վարչապետը սելավից տուժած Մոնղորյաններին նոր տուն չի խոստացել, պարզապես ասել է, որ առանց տուն չեն մնա:
«Վարչապետը հո չի՞ ասել՝ նոր բնակարան կառնենք: Տեսավ, որ հուզված էր, ասեց՝ մի հուզվեք, տուն կունենաք, ինձ ասեց՝ կկարողանաք, չէ՞ այնպես անել, որ ինքը տուն ունենա, ասեցի՝ այո։ Մենք էլ ազատեցին իր տունը ջրի ճիրաններից, ինքը տուն ունեցավ, փրկեցինք իր տունը»,- ասաց քաղաքապետը:
Քաղաքապետը պնդեց, որ ստացած 1 միլիոն 900 հազար դրամ փոխհատուցումը բավական է, որ Մոնղոլյաններն իրենց տունը բերեն նախկին տեսքին:
«Մտավախություն կար, որ եթե հոսքը չդադարեցվեր, կարող է տունը փլուզեր։ Հիմա էլ այդ վտանգը չկա, վաղը, մյուս օրը հիմքերը կչորանան, ինքը շատ հանգիստ կարող է վերականգնել այդ տունը այդքան գումարով»,- ասաց քաղաքապետը՝ կարծիք հայտնելով, որ այդ գումարով, եթե ուզենան, Մոնղորյանները նոր բնակարան էլ կգնեն:
Մոնղորյանների ընտանիքում, ի դեպ, 7 անձ կա, որոնցից 3-ն անչափահաս են, երկուսը՝ թոշակառու: Սելավի հետեւանքով նրանց տան նկուղը մինչեւ այժմ ջրի մեջ է, տան հիմքը օրեցօր քանդվում է խոնավությունից: Սելավի հետեւանքով Մոնղորյանների երկու անասունները մնացել են ջրի տակ, անասնագոմը լցված է ջրով: Նրանք արդեն երկու շաբաթ է՝ գիշերում են բարեկամի տանը:
Ընտանիքի հայրը NEWS.am-ին ասել էր, որ երբ հեղեղից հետո վարչապետն այցելել էր իրենց, տեսել էր տան վիճակը, հաստատել, որ այն ապրելու ենթակա չէ, քաղաքապետին հանձնարարել է, որ բնակարանով ապահովի նրանց:




























