«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 3.1 մլն դրամով վաճառել է իր Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենան եւ 8 մլն դրամով գնել է «Audi Q5 3.2» տեսակի ավտոմեքենա: Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տղան է:
Քաղաքապետի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 5.4 մլն դրամ, 1500 ԱՄՆ դոլար եւ 4900 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 6.2 մլն դրամ, 1800 դոլար եւ 5200 եվրո:
Նա եկամուտ է ստացել օտարած գույքից (3.1 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.95 մլն դրամ) եւ աշխատավարձից (2.5 մլն դրամ): Ընդհանուր առմամբ, նա նախորդ տարի 10.6 մլն դրամ եկամուտ է ստացել:
Կարեն Գրիգորյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 1 առանձնատուն, բազմաբնակարան շենքում 1 բնակարան, 12 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս եւ 15 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս, 6 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (ավանդ): Գրիգորյանի կինը՝ Հռիփսիմե Հակոբյանն էլ հայտարարագրել է ընդամենը 4 միլիոն դրամ, իսկ եկամուտ է ստացել աշխատավարձից, որը կազմել է 1.6 միլիոն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























