Եթե աշխատավայրում խնդիրներ եք ունենում, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր ծնողներն են կրում դրա պատասխանատվությունը։ Նման եզրակացության է եկել Ալաբամայի համալսարանի հետազոտող Փիթեր Հարմսը, փոխանցում է Planet-today–ը։
«Դա կարող է կլիշե լինել, բայց ամեն բանի պատասխանատուն նորից մայրիկն է,– կատակում է Հարմսը,– դաստիարակությունը երկու ծնողների գործն է, բայց մայրերը՝ որպես կանոն, երեխաների հիմնական դաստիարակողներն են եւ սովորաբար նրանց վրա ամենամեծ ազդեցություն են ունենում»։
Ուսումնասիրելով աշխատավայրում մարդկանց պահվածքը՝ գիտնականները կապ են նկատել դաստիարակության մեթոդների եւ աշխատավայրում դրսեւորած վարքի միջեւ։ Հետազոտողները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծնողներն իրենց պահել այն պահերին, երբ երեխան օգնության է կանչել։
Ժամանակի հետ երեխաները սկսում են հասկանալ, թե կարող են արդյոք հույս դնել իրենց ծնողների վրա, որոնք անմիջապես օգնության կգան վտանգի կամ միայնության պահերին, թե՞ իրենք պետք է բարձրաձայն ճչան նրանց ուշադրությունը գրավելու համար։ Կամ հակառակը, եթե երեխաները հասկանում են, որ ծնողները չեն կարող իրենց համար հուսալի հենարան լինել, դադարում են նրանց օգնության կանչել։
Հուսալի ծնողներ ունեցող երեխաները վստահ են, որ մյուս մարդիկ նույնպես կարող են օգնել իրենց։ Սակայն ոչ հուսալի ծնողներ ունեցող մարդիկ որպես կանոն տագնապ են զգում կամ ինքնամփոփ են դառնում՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես են նրան հաղթահարում սթրեսը։
Հարմսն ու նրա գործընկերները ենթադրում են, որ մարդիկ կարող են վարքի այդ մոդելները տեղափոխել աշխատավայր եւ, մասնավորապես, դա կարող է ազդել ղեկավարի հետ նրանց հարաբերությունների վրա։
«Ձեր բոսը նման է ձեր ծնողին։ Նա նաեւ պետք է հոգա ձեր մասին, սովորեցնի եւ աջակցի։ Դա հատկապես արդիական է նրանց համար, ովքեր առաջին անգամ են աշխատանքի եկել»,– ասում է Հարմսը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տագնապի հակված աշխատակիցները, զգալով ղեկավարի աջակցությունը, իրենց ավելի լավ են զգացել։ Բայց երբ նրանց հարաբերությունները չեն ստացվել, նրանք ծանր սթերես են ապրել, եւ նրանց ՕԳԳ–ն գրեթե զրոյացել է։
Իսկ ինքնամփոփ մարդիկ սթրես չեն ապրել, բայց եւ չեն շտապել օգնել իրենց գործընկերներին։



























