«Էլեկտրիկ Երեւան»-ը Հայաստանի նորագույն պատմության քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական շարժումների գագաթնակետն էր, որից հետո անկում ապրեց ոչ թե հասարակությունը, այլ այդ շարժումների ավանդույթը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ բաղրամյանական ցույցերն անկախ Հայաստանի պատմության մեջ նոր ձեռագիր էր եւ այն սերունդն է փրկելու Հայաստանը, որի մեջ կա եւ բաղրամյանական ջրցանի հետքերը եւ ապրիլյան արյունը։
Պարոն Խզմալյան, վերջին օրերին երիտասարդները երանությամբ հիշում էին «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերը, բաղրամյանական երկու շաբաթը։ Թվում էր, թե այդուհետ այդպես է լինելու եւ հաճախ ենք ականատես լինելու նման պայքարի, սակայն չկրկնվեց, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ եւ, առհասարակ, ի՞նչ հետք թողեց «Էլեկտրիկ Երեւանը»։
Պետք է սկսենք նրանից, որ սա Հայաստանում մեր նորագույն պատմության քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական շարժումների գագաթնակետն էր, որից հետո անկում ապրեց, ոչ թե հասարակությունը, այլ այդ շարժումների ավանդույթը։ Դա իսկապես հեղափոխության նման մի բան էր, թեեւ ոչ քաղաքական։ Գտնվեցին մարդիկ, ովքեր շատ հմտորեն հետ պահեցին շարժման երիտասարդներին քաղաքական քայլ անելուց եւ պահեցին ցույցը ճղճիմ սոցիալական պահանջների շրջանակներում, բայց դա երանելի ժամանակ էր այն առումով, որ սերունդը ճաշակեց համերաշխություն, ճաշակեց անհնազանդության եւ քաղաքացիական համերաշխության կամքի այդ անմոռանալի զգացումը, որն, անպայման, իր մասին դեռ իմաց կտա, ոչինչ չի կորում եւ մենք շուտով կքաղենք դրա պտուղները, ինչ-որ առումով սերունդը հասունացավ։ Այն տղաները, այն աղջիկները, որոնք միջնամատ էին ցույց տալիս, համբուրվում էին, կարդում, քնում, արթնանում ու պայքարում այստեղ, այդ նույն սերունդը, չանցած մեկ տարի, դիմակայեց մեծ դավադրությանը՝ ապրիլյան պատերազմին, որն հիմա, իհարկե, չարժե վերլուծել։
Այնտեղ վխտում էին հատուկ ծառայությունների գործակալները՝ հայկական նաեւ ռուսական, նրանք գործում էին ուս ուսի եւ նրանք հետ պահեցին շարժումը քաղաքականացումից, ինչի մասին հայտարարում էին՝ մի քաղաքականացրեք, Մայդանի մի վերածեք։ Իսկ պահանջները չպետք է վերաբերեին մանր չինովնիկներին, բիբիններին, այլ պետք է հարցադրում լիներ՝ իսկ ինչո՞ւ է մեր երկիրն այդքան ստրկացած վիճակում, որ մեր գետերի, ատոմակայանի տված էներգետիկան պատկանում է ուրիշին եւ վերավաճառվում մեզ աստղաբաշխական թվերով, ամեն ինչ մնաց 7 դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ քաղաքացիական շարժումը հասավ իր սահմանին եւ չկարողացավ զարգանալ։ Իսկ մյուս քայլը պետք է լինի քաղաքական։
Իսկ իշխանությանն ի՞նչ դասեր տվեց «էլեկտրիկ Երեւանը»։
Այստեղ պետք է հիշել հին ասացվածքը․ նրանք ոչ մի բան չհասկացան, ոչ մի բան չսովորեցին։ Միգուցե Սերժ Սարգսյանը հանդես է բերում որոշակի փափուկ դիմադրություն, փորձում է խուսանավել, միանշանակ չեն նրա գործողությունները, համենայնդեպս ապրիլի սկզբին նա դիմակայեց Ռուսաստանի ճնշմանը, ինչը չկարողացավ անել սեպտեմբերի 3-ին, երբ որոշում կայացրեց անդամագրվել ԵՏՄ-ին, բայց 2016-ի ապրիլի 4-ին նա չարեց, ինչ իրենից պահանջվում էր։ Նա չկանչեց այստեղ ռուսական զորքեր եւ դրանով վերջնական լուծում չտվեց հայոց հարցին, եթե ռուսական զորքը հայտնվեր այստեղ, Հայաստանը կկորցներ ինքն իրեն, Արցախը նույնպես։ Դա հենց այն զուգահեռն է, որ ինձ թվույլ տվեցի անցկացնել՝ այն երիտասարդները, ովքեր տեսել են Բաղրամյանի պես անավարտ եւ ինչ որ տեղ անփառունակ ավարտ ունեցած պայքարը, իրենք, այնուամենայնիվ, չմոռացան այդ ազատության, երջանկության համ ու հոտը, եւ դա էր, որ պահեց նրանց խրամատներում, թեեւ վառոդի հոտ էր գալիս ,բայց նրանք շարունակեցին չավարտած պայքարը, դա, իհարկե, Բաղրամյանի որոշակի ազդեցությունն էլ ուներ։ Ես վստահ եմ դրանում։ Բավական է նայենք լուսանկարները եւ կտեսնենք, որ նույն տղաները, ովքեր բռնունցքները կամ միջնամատերը պարզած՝ կանգնած էին ջրցանների առաջ, նույն սերունդն է, որը տանկերից ձեռքերը պարզած՝ երդվում էր չնահանջնել։ Սա կատարվեց անկախ իշխանությունից, ի հեճուկս իշխանությունների։ Ամբողջ աշխարհում պայքարը ընթանում է հանուն այդ սերնդի, որի ուղեղները լվանալ, գայթակղել, ստորացնել, վախեցնել, վերահսկել չստացվեց, Հայաստանում ծնվեց այդ սերունդը․․․ Ես խորապես վստահ եմ, որ այս սերունդն է փրկելու Հայաստանը։ Չեմ ասի, որ դա Բաղրամյանի սերունդն է, դա ավելի բարդ է, նրանց մեջ կա նաեւ Բաղրամյանի ջուրը, եւ ապրիլյան արյունը, այսօրվա օդը: Այդ ամենը ծնեց մի սերունդ, որով մենք կհպարտանանք։





























