Արագածոտնի մարզում հուլիսի 10-ին տեղացած կարկուտից 100 տոկոսով վնասվել է մրգատու ծառերի բերքը: Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկույզի մեծության կարկուտ է տեղացել ու ամբողջությամբ վնասել խնձորենիների, սալորենիների, խաղողի վազերի բերքը:
«Պոպոքը որ պոպքին խփի, չի՞ գցի: Խաղողի ողկույզները պոկել է վազից, գցել է: Սալոր, դեղձ, խնձոր, ոչ մի բան չի մնացել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ առավոտից հաշվարկում են վնասի չափերը: Բացի այդ՝ նախորդ օրվա քամուց էլ պատուհանների ապակիներ են կոտրվել:
Նույն վիճակն է նաեւ մարզի մի շարք այլ գյուղերում՝ այդ թվում Արագածոտնի Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքներում:
Արմավիրի մարզում կարկուտն ու քամին նույնպես մեծ վնասներ են հասցրել: Լեռնամերձ գյուղում քամու վնասների մասին խոսելն ավելորդ են համարում, քանի որ գյուղացիների ամբողջ տարվա չարչարանքը ջուրն է ընկել:
«Ամեն ինչ՝ պոմիդոր, դեղձ, տանձ, սալով, խաղող, սրբել, տարել է: Մենակ ծառի ճյուղեր են»,- ասաց Լեռնամերձի գյուղապետը:
Նշենք, որ նախօրեին տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ:






























