Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ վերջին օրերին ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝ խիստ բարձր գներով:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին ահազանգեր են ստացվել Շիրակի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզերից եւ Երեւան քաղաքից:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, գործող օրենսդրությանը համապատասխան, միայն ինքն է իրականացնում օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ (այդ թվում՝ վարչական տուգանքներ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում: Բացի դրանից, օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, միայն տեսչությունն է իրավասու արգելելու նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հակահրդեհային եւ տեխնիկական պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների (այդ թվում՝ կրակմարիչների) արտադրությունը, իրացումն ու օգտագործումը:
Վերջին տարիներին մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոչ վստահելի, ինքնակոչ անձանցից ու կազմակերպություններից ձեռք բերված կրակմարիչների գերակշիռ մասը չի համապատասխանում գործող ստանդարտներին, անորակ է եւ հրդեհի դեպքում չի կարող ծառայել իր նպատակին` նպաստելով հրդեհի արագ տարածմանն ու մեծ չափեր ընդունելուն` դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային եւ կարեւորագույն միջոց, վերը նշված իրավիճակից զերծ մնալու եւ անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին եւ կազմակերպություններին: Հուսալի եւ պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից եւ ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել:
Միաժամանակ հայտնում ենք, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ եւ համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
«Հարգելի քաղաքացիներ, Ձեր անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաեւ հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 060 44 03 14 կամ 099 31 56 01 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրությունում:




























