Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի բանակցությունններին նույնիսկ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա Հայաստանի երազած փաստաթուղթը չէ, բայց Երեւանը այն որպես հիմք է ընդունում: Դրա հիման վրա կազմվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր, այդ թվում՝ Կազանի փաստաթուղթը, որից Ադրբեջանը հրաժարվել է: Օրերս այդ մասին ուղղակիորեն նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Կազանյան փաստաթղթից Հայաստանը չի հրաժարվել: Երեւանի համար գլխավորն ինքնորոշման իրավունքն է, ինչի մասին Վարշավայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դա դժվար ճանապարհ է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,- ասել է նա: Շարմազանովն ընդգծել է, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք: «Սկզբունքը պետք է ծառայի նպատակին, այլ ոչ՝ հակառակը»,- հավելել է Շարմազանովը:

«Ալիեւն ասում է, որ համաձայն է հանրաքվեին, որով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի իր ապագան Ադրբեջանի կազմում: Բայց Նախիջեւանը եւս ինքնավար է եղել Ադրբեջանի կազմում, եւ տեսանք, թե ինչ ստացվեց: Այժմ այնտեղ ոչ մի հայ չի մնացել: Եվ մենք ասում ենք՝ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, եւ ոչ թե դուք կամ ես: Ահա գլխավոր հարցը, իսկ մնացածը միայն միջոցներ են: Եթե Ադրբեջանը խոսում է փուլային տարբերակի մասին, ապա առաջին փուլում պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այդպես էլ կարող է փոխվել ստատուս քվոն»,- ասել է նա: