Սովորաբար պետությունները ծխախոտի ակցիզները բարձրացնում են, որպեսզի նվազեցնեն սպառումը, քաջ գիտակցելով, որ դրա հետեւանքով բյուջեի մուտքերը նվազելու են, իսկ Հայաստանում դա հերթական գործիքն է մուտքերն ավելացնելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ Հայաստանում թեեւ ծխախոտի գներն աճել են, սակայն սպառման ծավալները չեն նվազել:
Նրա խոսքով, ներկայումս ծխախոտի շուկայում տեղի են ունենում չարաշահումներ, մասնավորապես, նախկին էժան խմբաքանակը եւ ներկայիս խմբաքանակը վաճառվում է նույն բարձր գնով. «Ծխախոտի շուկայում 5-7 տոկոս գնաճ ունենք»:
Պիպոյանը կարծիք է հայտնել, որ ծխախոտի շուկան վերահսկողությունից դուրս է մնացել, անվտանգությունը, բաղադրությունը չի ստուգվում:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավարի ներկայացմամբ, պետք է իրական քայլեր կատարել ծխախոտի դեմ պայքարում, նոր օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, իսկ ծխախոտի թանկացմանը ինքը դեմ է:





























