Հուլիսի 11-19-ին Հայաստանում պարապլանային սպորտի միջազգային մրցումներ կընթանան: Այդ մասին հուլիսի 10 –ին լրագրողներին հայտնել է Հայաստանի պարապլանային սպորտի ասոցիացիայի նախագահ Արմեն Սարգսյանը:
Մրցությունները կընթանան Թեղենիս լեռան մոտ (2 851 մ), Հայաստանի Կոտայքի եւ Սյունիքի մարզերի սահմանագծին:
Դրանց 25 երկրից մոտ 180 մարդ կմասնակցի: Նրանցից կընտրվեն 150-ը, որոնք 2017-ին դարձյալ Հայաստան կգան մեկ կարգ ավելի բարձր մրցության, որը Պարապլանային սպորտի գավաթի 5 փուլերից մեկն է:
Հայ էնտուզիաստները միջազգային մրցությունը հյուրընկալել են նաեւ 2015-ին: Այն ժամանակ դրա անցկացմանն աջակցել էր Թուրքիայից փորձառու մարզիկ: Այս տարի եւս ակնկալվում է թուրք մարզիկների մասնակցությունը:
Պարապլանային սպորտով զբաղվողները մեկ ընտանիք են: Մենք քաղաքականությունից դուրս ենք եւ օգնում ենք իրար,-հայտնել է Սարգսյանը:
«Հայաստանում թռչելը հարմարավետ է. նախ` լեռներ կան, երկրորդ` տարվա ընթացքում շատ են արեւային օրերը», - հավելել է նա:
Նա տրանսպորտով աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը, իսկ ընդհանուր կազմակերպչական աջակցության համար` կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին: «Գուցե ժամանակի հետ նա ցանկանա նաեւ իրեն փորձել մեր սպորտում», - հայտնել է Սարգսյանը:





























