Հուլիսի 16-17-ը Հայաստանի հարթավայրային շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 37-38 աստիճանի: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Բարձր ջերմաստիճան կնկատվի նաեւ Արարատյան դաշտում, Վայոց Ձորի հարթավայրային հատվածներում: Տեղումները կշարունակվեն մինչեւ այսօրվա վերջ, այնուհետեւ կդադարեն: Ամպամածությունը կպահպանվի Սյունիքի, Տավուշի, Լոռիու մարզերում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Սյունիքի մարզի հարթավայրային հատվածներում ջերմաստիճանը մեկ աստիճանով ցածր կլինի, քանի որ ամպամածությունը կպահպանվի մեկ օրով ավելի երկար, բայց այստեղ եւս ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 35-37 աստիճան:

Նշենք, որ Հայաստանում հունիսը, ինչպես նաեւ հուլիսի առաջին տասնօրյակը անձրեւային էր (Արարատյան դաշտից եւ Սյունիքի մարզից բացի, մյուս մարզերում տեղումները նորման գերազանցել են, հուլիսին ամեն օր տեղումնային է եղել՝ առանձին շրջաններում հասնելով օրական 40-45 մմ-ի):