Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը չհայտարարված այցով հուլիսի 11-ին եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին, ինչպես նաեւ այցելել է կիսաբաց, կիսափակ եւ փակ ռեժիմի բոլոր պատժախցեր` դատապարտյալներին առաջարկելով ունենալ առանձնազրույց իր կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ առկա են դատապարտյալների բացօդյա զբոսանք իրականացնելու եւ առանձին մարզաձեւերով զբաղվելու համար կահավորված տարածքներ, պատշաճ վիճակում գտնվող լոգասենյակներ, գործառնական նշանակություն ունեցող այլ ընդհանուր տարածքներ: Միեւնույն ժամանակ, արձանագրվել է, որ բացակայում են արտախցային աշխատանք կատարելու ենթակառուցվածքներ:
Պատժախցեր այցելելու արդյունքում պարզվել է, որ հիգիենայի պահանջներն ընդհանուր առմամբ պահպանված են, կիսափակ եւ փակ ռեժիմի բոլոր պատժախցերում առկա են սարքին ռադիոընդունիչներ, իսկ կիսաբաց ռեժիմում` նաեւ հեռուստացույց: Միեւնույն ժամանակ, կիսափակ եւ փակ ռեժիմի որոշ խցերում արձանագրվել են մեկ դատապարտյալին բաժին հասնող մակերեսին վերաբերող խնդիրներ:
Տասներկու դատապարտյալ առանձնազրույցի ցանկություն է հայտնել, եւ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն: Բոլոր 12 դատապարտյալները լսվել են, նրանց ներկայացրած հարցերն արձանագրվել են եւ դրանց կապակցությամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի ուսումնասիրություն: Առանձին դեպքերում դատապարտյալներին տրվել են իրավական պարզաբանումներ: Առանձնազրույցի ընթացքում մեկ դատապարտյալ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր դիմում:
Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ բոլոր դատապարտյալներին տրամադրվում է ամենօրյա բացօդյա զբոսանքից օգտվելու հնարավորություն, որից բոլորը պարբերաբար եւ ինքնուրույնաբար օգտվում են: Ոտքի հեռացում ունեցող մեկ դատապարտյալ այդ հնարավորությունից օգտվում է հենասայլակի միջոցով:
Առանձնազրույցների ընթացքում չեն ներկայացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից դիտավորյալ վատ վերաբերմունք դրսեւորելու, այդ թվում` ֆիզիակական ուժ կիրառելու մասին բողոքներ:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնարկի տարածքում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակների համար առանձին փոստարկղ տեղադրելու, ինչպես նաեւ զբոսանքի համար նախատեսված տարածքները պտտաձողերով եւ անձրեւից պատսպարող ծածկերով կահավորելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը մշտապես պահելու է ուշադրության կենտրոնում` իր իրավասության սահմաններում նպաստելով միջազգային ինչպես պարտադիր, այնպես էլ խրախուսելի չափանինիշների լիարժեք ապահովմանը: Այդ նպատակը նվաճելու համար Պաշտպանը պատրաստ է համագործակցել ինչպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այնպես էլ միջազգային մասնագիտացված կառույցների հետ։




























