ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս, թե ինչպես արագ վերականգնել խաղողի կարկտահարված այգիները:
Հայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում կարկտահարությունը:
Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերեւներով: Վազի թեւերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաեւ մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:
Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեր եւ աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից եւ կարճ էտված կանաչ շվերի հանգույցներից մեծ թվով շվեր են աճում` ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շվերի հիմնական մասը կունենա 5-6 տերեւ, անհրաժեշտ է կատարել շվատում` հեռացնելով ձեւավորման համար ոչ պիտանի շվերը:
Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:
Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թեւերի վրա անհրաժեշտ է կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչեւ առողջ մնացած կամ քիչ վնասված մասերը: Թեւերից եւ ենթաթեւերից պետք է թողնել ձեւավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչեւ հիմքի 2-4-րդ հանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շվերի հիմքերը` անկյունային աչքերով:
Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական եւ հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու եւ վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170 կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) եւ 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է խոչընդոտել շվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետեւ ժամանակին կատարել հողի մշակության եւ մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:
Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար:




























