«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով այսօր՝ հուլիսի 12-ին, նշանակված դատական նիստը հետաձգվեց, քանի որ վկաներից ոչ ոք չէր ներկայացել:
Նախորդ նիստում Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել գործով 11 վկաների: Նրանց եւ ոչ մեկն այսօր դատարան չէր ներկայացել: Պարզվում է՝ մի քանիսն արտերկրում են, մի քանիսը՝ փոխել են բնակության վայրը, մնացածն էլ՝ ծանուցագրի ստացման պահին տանը չեն եղել:
Այսօրվա նիստին 5 վկա էլ էր հրավիրվել. նրանք նույնպես չէին ներկայացել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հետաձգել նիստը՝ բերման ենթարկելու որոշում կայացնելով չներկայացած 5 վկաների նկատմամբ եւ հրավիրելով մյուսներին:
Նշենք, որ դատարանում արդեն 3 ամիս է՝ հարցաքննվում են վկաներ: Հատկանշականն այն է, որ մինչեւ հիմա հարցաքննված վկաներից եւ ոչ մեկը դեպքի ականատես չի եղել, ամբաստանյալներից եւ ոչ մեկին դեպքի վայրում չի տեսել:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 19-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























