Ճիշտ չէր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն` գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակել` հաշվի առնելով նրա անձի շուրջ պտտվող խոսակցությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
«Այն, որ Խաչատուրովի որդին է գնդապետը, ինձ համար էական նշանակություն չէր ունենա, եթե նրա անձի շուրջ չլինեին նման հրապարակումներ`բանակից ազատվել է, հետո վերականգնվել է: Նման անցյալ ունեցող մարդուն չեն նշանակում կորպուսի հրամանատար, առավել եւս ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց քաղաքագետը:
Արա Պապյանը նշեց, որ ինքը կարծում է` դա արվել է հատուկ նպատակով. «Սա արվում է այն հեռանկարով, որ Խաչատուրովին շուտով կփոխեն, կուղարկեն պատվավոր հանգստի: Կտան գլխավոր տեսուչի պաշտոնը, որ շատ չնեղանա` թոշակ, ծառայողական մեքենա, աշխատավարձ»,- ասաց նա:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը 2010թ. մեծ աղմուկով հեռացվել էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին:
Այն ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գրիգորի Խաչատուրովի կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, եւ այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ:
Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը եւ այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիգորի Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացավ համակարգից:
Ավելի ուշ՝ 2012թ., Գրիգորի Խաչատուրովը նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։




























