«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ քաղհայց է ներկայացրել կայքում 3 վարկաբեկող հոդվածների համար: Այս մասին այսօր ` հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:
«Կայքի հրապարակած հոդվածներում բանկը ներկայացվել է որպես ադրբեջանական բանկ այն դեպքում, երբ նման բան գոյություն չունի: Եղել է նաեւ ատելության խոսք զուգորդված դրան»,- ասաց փաստաբանը` նշելով, որ հավանաբար ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել այդ տեղեկատվությունը տպագրել, քանի որ ոչ մի հաստատող փաստ նշված չի եղել:
Փաստաբանը նշեց, որ հայցով պահանջում են հերքել տեղեկությունը եւ հեռացնել հրապարակումները կայքից: Բացի այդ, բանկը նաեւ 3 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում:
Նշենք, որ հայցի առաջին քննությունը պետք է կայանար այսօր` հուլիսի 12-ին, սակայն դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: ՝ Ուրիխանյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Անի Հովհաննիսյանը կալանավորված է:




























