Երեւանի բնակիչ, 36-ամյա Արտակ Նազարյանը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության,  հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ, 36-ամյա Արտակ Գեւորգի Նազարյանը:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել եւ փորձել է ստանալ 330 հազար դրամ՝ իբր որպես  վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաեւ խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել:

Խարդախության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ԱԱԾ-ից խնդրում են նաեւ Նազարյանի նմանօրինակ  գործողություններից տուժած այլ անձանց դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով: