Հայաստանում բնակավայրեր կան, որոնք հպարտորեն «քաղաքի» կարգավիճակ ունեն, բայց բազմաբնակարան շենքերի եւ բնակչության թվով նույնիսկ մայրաքաղաքի միկրոշրջաններից էլ փոքր են: Նման քաղաքներից է Հայաստանի հյուսիսում գտնվող Շամլուղը, որը մայրաքաղաքից մոտ 200 կմ է հեռու:
Ախթալա գետի ափին տեղակայված Շամլուղը մոնոքաղաք է. բնակավայր, որը ձեւավորվել է ձեռնարկության շուրջ: Ժամանակին նման պատմական դեր է կատարել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը հանքանյութ էր ստանում Ախթալայի եւ Շամլուղի հանքերից: Միայն մեկ ձեռնարկությունից կախվածությունը հետագայում ճակատագրական եղավ Շամլուղի համար:
Պղնձի հանքաքարի բնական պաշարներն աստիճանաբար նվազեցին, արդյունահանվող հանքանյութի ինքնարժեքը՝ աճեց, եւ ձեռնարկությունը սկսեց վնասով աշխատել: Բնակիչները սկսեցին հեռանալ հայրենի քաղաքից: Այդ գործընթացը սկսվեց Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո: Իհարկե այդ տարիներին, տնտեսական գործոններից բացի, արտագաղթը նաեւ այլ պատճառներ ուներ:
Այդ տարիներին արդյունաբերական բնակավայրից հեռացան վաղուց այնտեղ բնակություն հաստատած հույները, ինչպես նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Այնուհետեւ աշխատանք գտնելու հույսով քաղաքը սկսեցին լքել նաեւ հայ ընտանիքները: Արդյունքում, 2011 թվականի մարդահամարի տվյալներով, Շամլուղի մշտական բնակչության թիվը հասավ 700-ի: Իսկ ժամանակին նրանց թիվը մի քանի հազար էր...
Շամլուղում 13 բազմաբնակարան շենք կա (8 քարե եւ 5 պանելային), որոնցում՝ 305 բնակարան: Պատկերը լրացնում են 425 հին «առանձնատները», որոնցից որոշներն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն: Պաշտոնական տվյալներով, այստեղ միջին մակերեսով բնակարանները 1.000 դոլարից էլ պակաս արժեն: Համեմատության համար նշենք. Ծաղկաձորում բնակարանների միջին գինը Շամլուղի ցուցանիշը գերազանցում է 37 անգամ:
Իհարկե, Ծաղկաձորը գրավիչ է զբոսաշրջիկների համար: Եվ այս գործոնն ազդում է բնակարանների գների վրա: Սակայն Շամլուղի բնակիչները (այդ թվում՝ նախկին) հակառակ կարծիքին են՝ իրենց քաղաքն աշխարհում ամենագեղեցիկը համարելով:
Իսկ ինչպիսի՞ն են բնակարանների իրական գները: Շամլուղից մեզ տեղեկացրեցին, որ վերջին շրջանում մեկ սենյականոց մի բնակարան է վաճառվել՝ շուրջ 4 հազար դոլարով: Սակայն, դատելով պաշտոնական տվյալներից, մեկ սենյականոց բնակարանի միջին գինը չի հասնում նույնիսկ 700 դոլարի: Ինչպես տեսնում ենք՝ տվյալները կտրուկ տարբերվում են:
Քաղաքում հեռախոսակապ եւ ինտերնետ կա: Շամլուղի բնակիչների մեծ մասը բջջայինը գերադասում է ֆիքսված հեռախոսակապից. այդպես ավելի հարմար է: Բնական գազ այստեղ չկա, մոտ ապագայում այդ խնդիրը լուծելու հնարավորություն՝ նույնպես:
Կենտրոնական ջեռուցումը, ինչպես ամբողջ հանրապետությունում, անցյալում է մնացել: Այդ պատճառով քաղաքացիներն իրենց բնակարանները տաքացնում են փայտով: Միջքաղաքային տրանսպորտը սահմանափակվում է 24 կմ-անոց երթուղով՝ հասնելով մինչեւ մոտակա Ալավերդի քաղաք: Բնակչությանը սպասարկում են երկու մթերային խանութներ: Այսպիսին են կյանքի պայմանները Շամլուղում:
Տեղական վարչակազմի կարծիքով՝ քաղաքի ապագան, լեռնահանքային արդյունաբերությունից բացի, կարելի է կապել անասնաբուծության, անտառային տնտեսության հետ: Հասկանալի է, որ այդ հարցերի լուծման համար պետական աջակցություն է հարկավոր: Բայց ավելի իրական է մեր սփյուռքից որեւէ հարուստ հովանավոր գտնել, քան հույսը պետբյուջեի վրա դնել:
Սմբատ Գրիգորյան




























