Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գագիկ Պողոսյանն ու Հարություն Հարությունյանը մեղադրվում են գողության փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Գագիկն ու Հարությունն ապրիլի 23-ին` ժամը 03:00-ի սահմաններում մետաղյա ցանկապատի տակով ապօրինի մուտք է գործել «Սպիտակ տնակ» ընկերությանը պատկանող կիսակառույց շինության տարածք: Նրանք 2-րդ հարկում գտնվող զոդման սարքի համար նախատեսված ընդհանուր 210 հազար դրամ արժողությամբ մալուխի մի մասը կտրատել են եւ դրել իրենց մոտ գտնվող ուսապարկի մեջ, սակայն հայտնաբերվել են նշված կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից եւ դիմել փախուստի:
Գագիկ Պողոսյանին եւ Հարություն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրանք գտնվում են հրամանատարության հսկողության տակ:
Գործը քննվում է Երեւանի դատարաններից մեկում:




























