Հանգստի ուղեգրերը կարող են թողնել պետծառայողների սոցփաթեթում։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ մեկնաբանելով պետական ծառայողների սոցփաթեթից հանգստի բաղադրիչը բացառելու մասին Կառավարության որոշումը։
Իրավապահները պարզում են հնարավոր չարաշահումների հանգամանքը։ Եթե հաստատվի, որ դրանք եղել են եւ համընդհանուր են եղել, ապա բացառված չէ, որ որոշում կայացվի 2017-2019-ին բացառել հանգստի բաղադրիչը սոցփաթեթից։ Ամեն դեպքում, նման որոշում դեռ չի կայացվել։ Իսկ մինչեւ 2016-ի վերջը ուղեգրերը սոցփաթեթներով ուժի մեջ կլինեն։ «Էկոնոմիկայի, աշխատանքի եւ ֆինանսների նախարարները կքննարկեն եւ կներկայացնեն համակարգի կատարելագործման աշխատանքները եւ հնարավոր չարաշահումների մասին նախազգուշացումները»,– ասել է Ապրեսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կառավարության նիստից հետո հայտնել է Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանն ասել էր, որ Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները։ Պետծառայողների մի մասը պայմանավորվել է հանգստյան տների հետ՝ կեղծ պայմանագրերի մասին: Մարդիկ փոխանցել են գումարներ, իսկ հետո դրանք հետ են ստացել:
Նշենք, որ սոցփաթեթը պետծառայողներին տրամադրվում է 2012-ից սկսած, տարեկան 132 հազար դրամի չափով (մոտ 280 դոլար): Դրանից 52 հազարը պարտադիր կարգով տրամադրվում է բժշկական ապահովագրությանը (ծառայողի ու նրա ընտանիքի համար՝ կնոջ/ամուսնու ու մինչեւ 27 տարեկան երեխաների), մնացածը կարելի է ըստ հայեցողության ծախսել հիպոտեքային վարկի, ուսման վարձի կամ հանգստի վրա (պաշտոնյայի ու նրա ընտանիքի): 2015-ից սկսած պարտադիր բժշկական բաղադրիչին գումարվել է եւս 8 հազարդ դրամ ախտորոշման համար): Ազատ գումարը մնացել է 72 հազար դրամի չափով:




























