Եթե պետական ծառայողը հրաժարվում է օրինական հանգստից՝ հօգուտ ապօրինի փողերի, նշանակում է նա վատ է ապրում։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով, եթե 70 հազար դրամ արժողությամբ հանգստի փոխարեն մարդը նախընտրում է 30 հազար դրամ ստանալ, ուրեմն պետք է մտածել, թե արդյոք նա լավ է ապրում, եթե ստիպված է ստորագրել կեղծ ուղեգրի տակ, որպեսզի անգամ գումարի կեսը տուրօպերատորին տալով՝ առնվազն մի բան փողով ստանա։
Մյուս կողմից, եթե պետությունը մտահոգվում է, որ գումարը ոչ նպատակային է ծախսվում, ապա պետք չէ բոլորին միասին զրկել հանգստից։ «Բայց ամեն բան կլինի այնպես, ինչպես որոշի պետությունը։ Միջին եւ կրտսեր ծառայողներին ոչ ոք չի հարցնում։ Իսկ նրանք չեն բողոքի, հակառակ դեպքում անմիջապես կդադարեն ծառայող լինել»,– ասել է Պիպոյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կառավարության նիստից հետո հայտնել է Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանն ասել էր, որ Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները։ Պետծառայողների մի մասը պայմանավորվել է հանգստյան տների հետ՝ կեղծ պայմանագրերի մասին: Մարդիկ փոխանցել են գումարներ, իսկ հետո դրանք հետ են ստացել:
Նշենք, որ սոցփաթեթը պետծառայողներին տրամադրվում է 2012-ից սկսած, տարեկան 132 հազար դրամի չափով (մոտ 280 դոլար): Դրանից 52 հազարը պարտադիր կարգով տրամադրվում է բժշկական ապահովագրությանը (ծառայողի ու նրա ընտանիքի համար՝ կնոջ/ամուսնու ու մինչեւ 27 տարեկան երեխաների), մնացածը կարելի է ըստ հայեցողության ծախսել հիպոտեքային վարկի, ուսման վարձի կամ հանգստի վրա (պաշտոնյայի ու նրա ընտանիքի): 2015-ից սկսած պարտադիր բժշկական բաղադրիչին գումարվել է եւս 8 հազարդ դրամ ախտորոշման համար): Ազատ գումարը մնացել է 72 հազար դրամի չափով։




























