Արարատի մարզում 2015թ. օգոստոսին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով տուժողներն ընդհանուր ավելի քան 20 մլն դրամի փոխհատուցում են պահանջում իրանցի վարորդից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, իրանցի վարորդ Իսմայիլ Խանիխեռադինիի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը:

«Մնացել է մեկ տուժող, որն էլ օրեր առաջ ներկայացրեց քաղաքացիական հայց, որի բովանդակությունն ուղարկվել է թարգմանության: Ընդհանուր առմամբ ավելի քան 20 մլն դրամ են պահանջում: Իմ պաշտպանյալը համաձայն է, ընդունում է մեղքը, սակայն ասում է, որ ինքն այդքան գումար չունի: Իսմայիլ Խանիխեռադինին առաջարկում է, որ ապահովագրական ընկերությունը վճարի»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:

Ըստ փաստաբանի, այս պահին հայտնի չէ, թե ապահովագրական ընկերությունը կվճարի, թե ոչ: Նշենք, որ այս գործով ընդամենը մեկ նիստ է եղել, մյուսներն անընդհատ հետաձգվում են:

Ըստ մեղադրական եզրակացության՝ իրանցի Իսմայիլ Խանիխեռադինին օգոստոսի 11-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով բեռնված 24 հազար լիտր կերոսինով, Մեղրու մաքսակետից մուտք է գործել ՀՀ տարածք եւ ուղեւորվել դեպի Երեւան: Օգոստոսի 13-ին ժամը 08:00-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի ճանապարհատվածով ընթանալիս վարորդ Իսմայիլ Խանիխեռադինը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Ավտոմեքենան շահագործել է դրա քարշակի առջեւի սռնին արգելակային մեխանիզմներով կահավորված չլինելու եւ կիսակցորդի արգելակային մեխանիզմներից մեկն ապակարգավորված վիճակում:

Արդյունքում, երբ առջեւից ընթացող բեռնատար ավտոմեքենայի հետ միջտարածությունը պահպանելու նպատակով Իսմայիլ Խանիխեռադին դիմել է արգելակման, արգելակներն այլեւս չեն գործել, որից հետո ցանկացել է օժանդակող փոխանցման տուփը 4-րդ աստիճանից փոխանցել 3-րդ աստիճանի, սակայն չի կարողացել: Այլեւս չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքն ու անցնելով շուրջ 3 կմ տարածություն՝ Երասխ գյուղի ճանապարհահատվածում առջեւի մասով նրա մեքենան ընդհարվել է համընթաց ընթացող Արշակ Աղաբեկյանի վարած ավտոմեքենային, ապա բախվել երթեւեկելի մասից դուրս կայանված Սամվել Ստեփանյանի, Աշոտ Գեւորգյանի, Վահրամ Արզումանյանի եւ Գրիգորի Պադարյանի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Սուսան եւ Աննա Բադալյանների առողջությանն անզգուշությամբ պատճառել է համապատասխանաբար միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Իսմայիլ Խանիխեռադին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով կա 1 զոհ եւ 9 վիրավոր: