ԱԱԾ-ում քննվող՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների գործով կալանավորվածներից մեկը Եղեգնաձորի քաղաքապետարանի ավագանու անդամներից է՝ Գագիկ Մարգարյանը: Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ավագանու անդամ է 2012թ.:
«Նորմալ, կրթված ընտանիքից է, հայրն ու մայըը ուսուցիչներ են, ինքն էլ երբեք իրավապահների հետ խնդիրներ չի ունեցել»,- ասաց քաղաքապետը:
Նշենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման հանցավոր գործողությունների շարք, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ:
Հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով ինը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:




























