Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրի կառավարությունը պետք է հստակորեն հնչեցնի այն նպատակներն ու վերջնական արդյունքները, որոնց պետք է հասնել: Նա նման հայտարարություն է արել Ռազմավարական զարգացման եւ առաջնահերթությունների խորհրդի առաջին նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կառավարությանը խնդրում եմ խորությամբ, բովանդակային մոտենալ վերջնական արդյունքների ձեւակերպմանը: Դրանից, առանց չափազանցության, կախված է հետագա աշխատանքի ընթացքը եւ նրա հաջողությունը», — ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով, արդյունքները պետք է չափվեն դրական, հասկանալի լուծումներով, ինչպիսիք են պոլիկլինիկաներում հերթերի նվազումը, բժշկական օգնության արագությունը: «Եվ իհարկե ոչ մի դեպքում չի կարելի մարդկանց գլուխն արդուկել օրենքների, միջոցների, հանձնարարականների մանրամասն թվարկմամբ: Քաղաքացիները դա չեն ուզում լսել», — հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով, ազգային առաջնահերթ նախագծերի զարգացման հետագիծն անհրաժեշտ է նախապես հաշվարկել ինչպես միջնաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ հեռանկարում: Միաժամանակ նա ընդգծել է, որ դրանց իրականացումը «բոլորովին չի նշանակում, թե մենք պետք է մոռանանք այն նպատակները, որոնք նախկինում դրել ենք մեր առջեւ»:
«Բայց, իհարկե, պետք է շտկումներ մտցնել, որոնք հենց կյանքով են թելադրված», — ընդգծել է ՌԴ նախագահը:




























