Ջրհեղեղից տուժած արթիկցիներին ցուցաբերված օգնությունն, ըստ հիմնավորումների, կառավարությունը եւս մեկ անգամ կվերանայի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Արթիկում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա աշխատանքային այց է կատարել Շիրակի եւ Արագածոտնի մարզեր:
Կառավարության ղեկավարը եղել է Արթիկում, որտեղ վարչապետին են ներկայացրել նրա նախորդ այցից հետո հեղեղի պատճառած վնասների հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն այցելել է հեղեղից տուժած բնակիչների բնակարաններ, զրուցել արթիկցիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին:
Նշենք, որ ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ գումարներ են հատկացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաեւ բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հեղեղի վնասների վերականգնման գործընթացն ընթանում է հաջողությամբ եւ զգալի աշխատանքներ են իրականացվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած գնահատականների հիման վրա տուժած արթիկցիներին ցուցաբերված օգնությունն, ըստ հիմնավորումների, կառավարությունը եւս մեկ անգամ կվերանայի:
Նա նշել է, որ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 41 մլն դրամ, միջոցներ են տրամադրվել նաեւ քաղաքապետարանի եւ որոշ գերատեսչությունների կողմից՝ տեխնիկայի ներգրավման եւ վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով: Անդրադառնալով հեղեղատարի վրա կառուցված ապօրինի շինության մասին հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն խոչընդոտել է ջրի հոսքին. շինության հարցը կքննարկվի եւ կկայացավի համապատասխան որոշում:
Այնուհետեւ վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի այգիներ, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում ավարտել կարկտահարության վնասների ուսումնասիրությունը, որից հետո կառավարությունը կքննարկի տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու հնարավորություններն ու տարբերակները:






























