Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն բիզնեսի համար հաշիվ-ապրանքագրերի գներով ապրանքները մաքսազերծելու մասին ուղեցույցներ կպատրաստի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի կառավարությանն առընթեր ՊԵԿ մաքսային վերահսկողության վարչության ղեկավար Գեւորգ Սաղոյանը:
ՊԵԿ-ն ապրանքների մաքսային ձեւակերպման առաջին մեթոդը՝ ըստ հաշիվ-ապրանքագրերի գների, առաջնային է համարում եւ այլ մեթոդներ կիրառում է, եթե ուղեկցող փաստաթղթերը վստահություն չեն ներշնչում: Եթե հաշիվ-ապրանքագրում շուկայականից ցածր գին է նշված, մաքսային մարմինները պարզապես իրավունք չունեն նման փաստաթուղթ ընդունել:
«Բայց ինչպե՞ս կարող ենք մարդուն սահմանից ուղարկել անհայտ ուղղությամբ, բեռը ձեռքին: Այդ պատճառով նման դեպքերում այլ մեթոդներ են կիրառվում: Բայց ամենակարեւորը, որ պետք է իմանա գործարարը. եթե ապրանքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կան, եւ դրանք վստահություն են ներշնչում, ապրանքը կձեւակերպեն գործարքի գնով: Որպեսզի բիզնեսն իմանա, թե դրա համար ինչ է անհրաժեշտ, մենք ուղեցույց կկազմենք»,- պարզաբանեց Սաղոյանը:




























