Պարզ է՝ ինչու է Վարդան Օսկանյանը նման հայտարարությամբ հանդես գալիս, և հետաքրքիր է, թե ու՞մ ջրաղացին է ջուր լցնում։ Հուլիսի 13-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսպես է արձագանքել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն քննադատությանը, որ ապրիլյան պատերազմը դիվանագիտության ու իշխանության թերությունների հետեւանք էր։
Շարմազանովի խոսքով՝ գործադիր մարմնի նիստում քննարկվել են արտաքին քաղաքական, ներքաղաքական և ներկուսակցական հարցեր։ Անդրադարձ է եղել նախագահի՝ Վարշավա այցին, մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«ՀՀԿ-ն բարձր է գնահատում նախագահի երկկողմ հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Օլանդի և ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ՝ թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, և թե՛ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քանի որ ֆրանսիական ու ամեիրկյան կողմերը վերահաստատել են խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը››,– ասել է Շարմազանովը։




























