Ալավերդի քաղաքում ոչ մի մանկապարտեզ չի փակվել, դա իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ԲՀԿ-ի այսօրվա այն հայտարարությանը, թե քաղաքի վեց մանկապարտեզ փակվել է։

«Մանկապարտեզները փակ չեն, եթե ձեզ հետաքրքրում է, եկեք տեղում պարզեք»,-հորդորեց  Փարեմուզյանը։  Սակայն քաղաքի մանկապարտեզների աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ այս պահի դրությամբ ընդհանրապես փակ է երկու մանկապարտեզ, իսկ երկուսը գործում է մեկական խմբով։

Նշենք, որ ԲՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ բնակիչները ասել էին, որ  փակվելու պատճառը ֆինանսական խնդիներն են, պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շահագործում է «Վալլեքս» ընկերությունը,  չի փոխանցել բնապահպանական վճարները, ինչի հետեւանքով քաղաքապետարանը որոշում է կայացրել անժամկետ արձակուրդի ուղարկել աշխատակազմին ու սաներին։

Պարզվում է՝ Ալավերդու Սարահարթ թաղամասում գտնվող երկու մանկապարտեզը փակ են հուլիսից։ Ծնողներից մեկը մեզ փոխանցեց, որ ասել են` օգոստոսի 1-ից մի խումբ աշխատելու է։ Մանկապարտեզներն ունեն 4-5 խումբ։ Ամեն խմբում շուրջ  30 երեխա է։

Քաղաքի ներքին հատվածում գտնվող երկու մանկապարտեզներում ընդամենը մեկ-ական խումբ է գործում։ Աշխատակցներից մեկն ասաց՝ մնացած խմբերը փակվել են։ Ասել են՝ ժամանակավոր է:

Ֆինանսական խնդիրների պատճառով, մանկապարտեզներից բացի փակվելու վտանգի առջեւ են կանգնած գրադարանները եւ Միկոյանի տուն թանգարանը։ Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետի որոշմամբ փորձել են փակել նաեւ գրադարանները, սակայն  ուսուցիչների ծնողների բողոքներից հետո որոշվել է գոնե ամռանը աշխատել, որպեսզի երեխաները կարողանան օգտվել գրքերից։

Նշենք, որ մանկապարտեզը միայն պղնձամոլիբդենային կոմբինատի վճարների հույսին չէ, բացի համայնքային բյուջեից, նաեւ յուրաքանչյուր երեխայի համար 5 հազար դրամ վճար է սահմանված։

Ալավերդիի քաղաքապետը պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանական վճարների պարտքի վերաբերյալ հրաժարվեց մեկնաբանություն տալ։

«Գնացեք իրենցից ճշտեք»,-ասաց քաղաքապետը։

Իսկ «Վալլեքս» ընկերությունից խոստացան գրավոր պարզաբանում ներկայացնել: