Պետական աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթում «հանգստի» բաղադրիչը 2017 թվականի բյուջեի նախագծում ընդգրկվելու է։ Այս մասին այսօր` հուլիսի 14-ին,  կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Խոսքը չի վերաբերում հանվելուն, ես շատ հստակ ասացի, երեւի եւս մեկ անգամ հստակեցնեմ. սոցիալական փաթեթը 2016 թվականի համար գործում է հստակ, ոնց որ նախատեսված է պետական բյուջեում, 2017-2019 թվականների միջնաժամկետ ծրագրերի նախագծում դա կասեցրել ենք: Այդ հանձնարարությունը, որ տրվել է երեք նախարարություններին, կներկայացնեն նոր գործիքակազմեր ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը»,- ընդգծել է վարչապետը։

Նշենք, որ հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը. Խոսքը 2017-2019 թվականների մասին է, այսինքն 2016-ին այդ բաղադրիչը կպահպանվի:

Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է. «Ինչպես վարչապետը նշեց, ոչ թե այդ բաղադրիչը հանելու, այլ կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»:

Վերահսկիչ պալատը սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում։