Ինեկոբանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը ՊրոԿրեդիտբանկի հետ միավորման արդյունքում: 2015թ․ դեկտեմբերի 17-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռքբերեց «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը։ Արդյունքում, սույն թվականի մայիսի 6-ից ՊրոԿրեդիտԲանկը դադարեցրեց իր գործունեությունը որպես իրավաբանական անձ եւ միացավ Ինեկոբանկին։
Այժմ երկու բանկերի միավորման գործընթացը հաջողությամբ ավարտված է: Արդյունքում, Ինեկոբանկն ունի 23 մասնաճյուղ` նախկին 17-ի փոխարեն։
Երկու բանկերի մասնաճյուղերի միավորման գործընթացը տեղի ունեցավ երկու փուլով: Առաջին փուլում ՊրոԿրեդիտբանկի բոլոր գործող մասնաճյուղերի տարածքներում զուգահեռաբար գրանցվեցին Ինեկոբանկի մասնաճյուղեր` ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու նպատակով:
Երկրորդ փուլում վերլուծվեց երկու բանկերի մասնաճյուղային ցանցերի աշխարհագրությունը եւ որոշում կայացվեց միմյանց սերտ հարեւանությամբ գտնվողն յուրաքանչյուր երկու մասնաճյուղերից մեկի գործունեությունը դադարեցնելու մասին:
Բանկն այս տարի ծրագրում է Երեւան քաղաքում բացել եւս 2 մասնաճյուղ, որոնցում սպասարկումը կիրականացվի ամբողջովին նոր մոդելով (բարձրակարգ խորհրդատվություն, ամբողջովին ավտոմատացված դրամարկղեր, 24/7 սպասարկում, օնլայն եւ մոբայլ հնարավորություններ եւ այլն): Առաջին նմանատիպմ ասնաճյուղը բացվել է տարվա սկզբին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, իսկ առաջիկա օրերին կբացվի երկրորդը Երեւանի կենտրոնում՝ ԷլիտՊլազա բիզնես կենտրոնում։




























