Վանաձորի քաղաքապետարանի պարտքի չափն այս պահին կազմում է 155 մլն 518 հազար դրամ, որից շուրջ 95 մլն-ը քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատողների աշխատավարձն է:
Քաղաքապետարանում եւ դրա ենթակայությամբ աշխատում է շուրջ 1600 մարդ, որոնց գերակշիռ մասը դեռեւս չի ստացել նույնիսկ մայիսի աշխատավարձը: Եթե քաղաքի 20 մանկապարտեզների աշխատողները ստացել են մայիսի աշխատավարձը, ապա քաղաքի երաժշտական դպրոցների, մշակույթի տների աշխատողները դեռեւս սպասում են:
Թե երբ կտրվի մայիսի աշխատավարձը, Վանաձորի քաղաքապետարանից դժվարացան ասել: Դա կախված է ինչպես սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից, այնպես էլ պետբյուջեից տրվող դոտացիաների չափից:
Նշենք, որ քաղաքապետարանում աշխատավարձերի պարտքը սկսել է առաջանալ 2013-2014թթ.-ից, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու պարտավորություն դրվեց:
«Այդ մեկ տարում նվազագույն աշխատավարձի բարձրացման չափով պետբյուջեից փոխհատուցում տրվում էր: Պարտքը առաջացել է 2014թ. եւ 2015թ.-ին, երբ արդեն փոխահատուցում չէր տրվում, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում փոխհատուցում չտալու հետեւանքով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արդարացավ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը:
Նշենք, որ նախորդ տարում քաղաքապետարանի պարտքը կազմել է շուրջ 300 մլն դրամ: Քաղաքապետարանն այդ ժամանակ կարողացել է փակել պարտքի մի մասն ու այս տարին սկսել 147 մլն դրամի պարտքով: Չի բացառվում, որ մինչեւ 2017թ. պարտքը կրկին կկազմի 300 մլն դրամ:




























