Ռուսաստանում բնակվող տնտեսագետ, ազգությամբ հայ Սերգեյ Ղազարյանը որոշել է բիզնես սկսել Հայաստանում ու նոր տեսակի սպորտային ակումբ հիմնել:
«Ռուսաստանից եմ վերցրել այդ օրինակը: Տարիներ շարունակ, երբ գնում ես մարզասրահներ, մեկ ուզում ես գնալ, մեկ չես ուզում: Ես սկսեցի զբաղվել թեթեւ եւ ծանր ատելիտիկայի խառնուրդով ու հասկացա, որ ինձ դուր է գալիս շատ, ուզեցի, որ մարդիկ Հայաստանում նույնպես հնարավորություն ունենան դրանով զբաղվելու: Ու թեեւ լրիվ ուրիշ բնագավառում էի աշատում, որոշեցի այս պրոյեկտը անել»,- NEWS.am-ին պատմեց Սերգեյը:
30-ամյա տնտեսագետը բիզնես պլանը մշակել է, եկել Հայաստան ու հասկացել, որ իրեն ավելի բարդ փորձություններ են սպասվում, քան կարծում էր:
«Տարածքի հարցում չէի պատկերացնում, որ նման դժվարություններ կլինեն: Պարզվեց, որ կարող է ամիսներով միայն տարածք ման գամ Երեւանում ու չգտնեմ»,- ասաց Սերգեյը՝ նշելով, որ տարածքի վարձակալման հարցն արդեն վերջնական բանակցությունների փուլում է:
Սերգեյն ասում է՝ փորձում է չընկճվել ու թեեւ գիտակցում է, որ առաջիկայում նույնպես լինելու են նոր խոչընդոտներ, սկսած գործը կիսատ թողնել չի պատրաստվում:
«Շատ հարցերում հանդիպում եմ այնպիսի բաների, որ հազիվ եմ ինձ զսպում: Բայց ես կարծում եմ՝ եթե մենք չփոխենք ինչ-որ բան դեպի լավը, ոչ մեկ դա մեր փոխարեն չի անի»,- ասում է նա:
Գործարարը կարծում է՝ կոռուպցիան ու մենաշնորհներն իր բիզնեսին խանգարել չեն կարողանա, ինքը նոր տեսակի ծառայություններ առաջարկող բիզնես է հիմնում:
«Երբ ասում են՝ Հայաստանում դժվար է եւ այն, ռեստորանի համար է դժվար: Պետք չէ տրադիցիոն բիզնես անել, օրինակ՝ շաքար բերելու: Շաքար կարա բերի ամեն մարդ, պետք է անել այնպիսի բան, որ ոչ բոլորն են անում»,- նշեց նա:
Երիտասարդ գործարարն ասում է՝ հայրենասիրությունը համատեղել է բիզնեսի հետ: Նա հուլիսի 15-ից 17-ը Երեւանում մասնակցում է երիտասարդ գործարարների համահայկական բիզնես ֆորումին:




























