ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայում խաղաղության եւ կայունության հաստատման հույս ունի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ թուրքական զինվորականությունը հայտարարել էր երկրում իշխանությունը գրավելու մասին:
Թուրքիայի մայրաքաղաքում շարունակում են կրակոցներ լսվել: Անկարայի երկնքում նաեւ ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են պտտվում:
Ոստիկանությունը հաղորդել է նաեւ Բոսֆորի նեղուցում Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող կամրջի փակման մասին: Փակվել է նաեւ քաղաքի Աթաթուրքի անվան օդանավակայանը, որի շենքի հարեւանությամբ տանկեր են տեղակայվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ռազմական հեղաշրջման փորձի մասին, նաեւ վստահեցրել, որ «թուրքական ժողովրդավարությանը ոչինչ չի սպառնում»:





























