Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գործող դեղատնից հափշտակել է 6 տուփ ածելի՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է տղամարդը վերցնում ածելիների տուփերը, մոտենում դրամարկղին, բայց առանց վճարելու՝ հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:





























