Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առեւտրի կենտրոնից ոսկյա շղթա գողացած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Խորենացու փողոցում գտնվող առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան՝ պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են առեւտրի կենտրոնում տեղադրված  անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ տաղավարից վերցնում ոսկյա շղթան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում երեւացող անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

«Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: