«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով այսօր՝ հուլիսի 19-ին, նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ վկաներից միայն մեկն էր ներկայացել:
Նախորդ նիստում Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել գործով 5 վկաներին, որոնք չէին ներկայանում դատարան, ինչպես նաեւ հրավիրել եւս 5 վկաների: Այսօր դատարան էր ներկայացել վկաներից միայն մեկը: Նրան հարցաքննելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է հետաձգել նիստը:
Նշենք, որ դատարանում արդեն 3 ամիս է՝ հարցաքննվում են վկաներ: Հատկանշականն այն է, որ մինչեւ հիմա հարցաքննված վկաներից եւ ոչ մեկը դեպքի ականատես չի եղել, ամբաստանյալներից եւ ոչ մեկին դեպքի վայրում չի տեսել:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 26-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























