Հայաստանի զարգացմանը խոչընդոտում է կոռուպցիայի խարազանը, որ Հայաստանը հետ է պահում մի շարք ոլորտներում: Այս մասին «Aravot.am»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, հենց դա է պատճառը, որ իր հայաստանյան գործընկերների հետ միասին ԱՄՆ ամբողջ դեսպանատունը օգնում է աջակցել շուկաների եւ ռեսուրսների հասանելիության բարձրացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ նորարարության, ներդրումների ու բիզնեսների համար հավասար դաշտ ստեղծելու միջոցով:
«Անցյալ տարի ես նշեցի Հայաստանում իմ գտնվելու ընթացքում իմ ունեցած չորս գերակայությունները, եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանին աջակցելը դրանցից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ-ն ունի իր դերակատարումը՝ ֆինանսավորելով փորձագետների աշխատանքն ու բարելավումների իրականացումը, ինչպես օրինակ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեպքում, որը մեզ օգնեց մաղել այն անձանց, ովքեր չպետք է կենսաթոշակ ստանային:
Բացի այդ, այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է «Միջազգային այցելու առաջնորդի» ծրագիրը, մենք աշխատում ենք կառավարության եւ քաղաքացիական հասարակության կոռուպցիայի դեմ պայքարող առաջնորդներին ուսումնական հնարավորություններ ընձեռելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը փորձագետներ է բերում Հայաստան՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, առավել վերջերս դա ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Պիտեր Այնսվորթն էր. «Մենք մտադրված ենք աշխատել Հայաստանի այն մարդկանց հետ, որոնք կոռուպցիայի հիմնախնդրին ուզում են տալ հայկական լուծումներ»:




























