Անհրաժեշտ է վերականգնել որպես լիիրավ կողմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Լենտա.ռու»–ին տված հարցազրույցում:

Այն հարցին՝ արդյոք գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին, նախագահ Սահակյանը նշել է, որ այս հարցին պատասխանելուց առաջ անհրաժեշտ է ճշգրտել, թե ինչ է պետք հասկանալ «բոլոր» ասելով: «Բացի հակամարտության անմիջական մասնակիցներից, կարգավորման գործընթացում ներգրավված են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը ու դրա համանախագահ երկրները: Բոլոր համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ծայրաստիճան հստակ ու բազմիցս հայտարարել են, որ հակամարտության կողմերը պետք է իրենք գտնեն լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով: Այսինքն միջնորդ երկրները, իսկ դրանք շատ ազդեցիկ պետություններ են, մտադիր չեն փաթաթել կարգավորման որեւէ տարբերակ, ըստ իրենց սեփական շահերի»,- ասել է Բակո Սահակյանը:

Նրա խոսքով լուծումը պետք է ներսում գտնվի: «Բայց դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է վերականգնել որպես լիիրավ կողմ ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Ի դեպ, հենց այս ձեւաչափն է պաշտոնապես ճանաչել ԵԱՀԿ-ն 1994-ին կազմակերպության բուդապեշտյան գագաթնաժողովում: Բացի դրանից իր դիրքորոշումն ու մոտեցումները պետք է վերանայի նաեւ պաշտոնական Բաքուն: Հակամարտության կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտը հենց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, որը հիմքում ռեվանշիզմն է»,- շեշտել է ԼՂՀ նախագահը: