Եթե Թուրքիան կարողանա հավաստի փաստեր ներկայացնել, ապա ԱՄՆ-ն կարտահանձնի Ֆեթուլա Գյուլենին: Այս մասին հուլիսի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, դա հնարավոր է, քանի որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ կա համապատասխան պայմանագիր: Թուրքիան, հիշեցրեց Սաֆրաստյանը, պատրաստել է փաստաթղթերի այդ փաթեթը ու պաշտոնապես ուղարկել այն ամերիկացիներին: «Այս մի քանի օորում Թուրքիայում դաժանության «բռնկում» էր: Եվ կալանավորված բարձրաստիճան զինվորականներից շատերին կտտանքների են ենթարկել: Ես վստահ եմ, որ նրանցից ստացել են անհրաժեշտ ցուցմունքները»,- հավելել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունը հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող թուրք գրող, նախկին իմամ ու քարոզիչ ֆեթուլա Գյուլենին:
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր երկրում պետական հեղաշրջման մասին: Արդեն հուլիսի 16-ի առավոտյան զինվորականները սկսել են հանձնվել: Թուրքիայի իշխանությունները ավելի ուշ հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է: Ապստամբության հետեւանքով, Թուրքիայի իշխանությունների տվյալներով, 290 մարդ է զոհվել: Շատ փորձագետների կարծիքով այդ հեղաշրջումը կարող էր հրահրված լինել հենց Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից՝ երկրում լայնածավալ ռեպրեսիաներ սկսելու նպատակով:





























