Վերջին օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության դաժան ու անմարդկային վերաբերմունքը անթույլատրելի է ու դատապարտելի: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ բոլոր այդ դեպքերի վերաբերյալ պետք է հետաքննություն անցկացվի եւ մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Նրա խոսքով, երբ բարձրաստիճան պաշտոնյան ՊՊԾ գնդում գտնվողներին անվանում է մարդասպաններ, դա անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում է. «Դա վտանգում է քննության օբյեկտիվությունը: Երբ այսպիսի գնահատականներ են հնչում, հնարավոր չէ ակնկալել, որ հետագա քննությունը կարող է լինել բազմակողմանի, արդարացի եւ օբյեկտիվ»:

Նույն խնդրի առնչությամբ փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ նշեց. «Սա մեծ խնդիր է հարուցում նաեւ հասարակական տրամադրությունների տեսանկյունից, այդ թվում իրավական համակարգի դեպքում՝ վրեժխնդրության տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: