ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հավանություն է տվել փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ երկարաժամկետ միգրանտների ինտեգրացիայի քաղաքականության հայեցակարգին։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագծի նպատակն է ապահովել մի շարք միջազգային փաստաթղթերով երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը, տեղափոխված օտարերկրացիների ինտեգրման միջոցով ապահովել հանդուրժողականություն եւ կայունություն հասարակության մեջ եւ խուսափել մարգինալ շերտերի գոյացումից։

Նախագիծը մշակել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Պետական միգրացիոն ծառայությունը։ Այն կօգնի լրացնել Հայաստանի միգրացիոն քաղաքականության բացը միգրանտների ինտեգրման հատուկ քաղաքականության մասին փաստաթղթի տեսակետից։