Մոսկվան Թուրքիային կոչ է անում դադարեցնել ռուս լրագրողների հանդեպ սեւ ցուցակների պրակտիկան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հուլիսի 18-ին «Ռեն-Թի Վի»-ի թղթակիցներին թույլ չեն տվել հատել թուրքական սահմանը, քանի որ նրանց անունները գրանցված են սեւ ցուցակում, ինչը ենթադրում է 5 տարվա ընթացքում Թուրքիա նրանց մուտքի արգելք:

«Մենք հարցը բարձրացրել ենք մեր թուրք գործընկերների առաջ: Ցավոք, նույնիսկ Ռուսաստանի դեսպանատան նոտան անպատասխան մնաց: Սպասում ենք Թուրքիայի պարզաբանմանը գոյություն ունեցող սեւ ցուցակի վերաբերյալ: Հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերություններում նկատվող դրական միտումները՝ սեւ ցուցակների պրակտիկան պետք է դադարեցվի»,- ասել է Զախարովան: