Մալաթիայում հուլիսի 20-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Ռ.Կոստանյանը, իսկ ժամը 13:55-ին՝ 44-ամյա Ռ.Ավետիսյանը:

Նախնական տվյալներով ժամը 12:30-ի սահմաններում Ռ.Ավետիսյանը եւ Ռ.Կոստանյանը վիճաբանել են Ծ.Իսակովի պողոտայում գտնվող հացատանը:

Վիճաբանության ձայները լսելով՝ ոստիկանության ծառայող Ռ.Եփրեմյանը մուտք է գործել վիճաբանողների սենյակը եւ  նկատել, թե ինչպես է Ռ.Ավետիսյանը կրակում Ռ.Կոստանյանի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք։ Ներկայանալով որպես  ոստիկանության ծառայող՝ Ռ.Եփրեմյանը Ռ.Ավետիսյանից պահանջել է վայր դնել զենքը, սակայն վերջինս ատրճանակն ուղղել է Ռ.Կոստանյանի ուղղությամբ եւ արձակել եւս մեկ կրակոց:

Նախնական քննության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը քաղաքացու եւ իր  կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու եւ Ռ.Ավետիսյանին վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված մարտական ատրճանակից կրակոց է արձակել Ռ. Ավետիսյանի աջ ազդրին եւ նրա ձեռքից վերցրել ատրճանակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Ատրճանակներն առգրավվել  են: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ վիրավորներից մեկը Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկերներից է: