ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, որ  Ճամբարակում գործող առեւտրի սրահից կատարվել է ոսկյա զարդերի հափշտակություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2016 թվականի հուլիսի 23-ի առավոտյան  2 երիտասարդ մուտք են գործել  Ճամբարակ քաղաքում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ  առեւտրի կենտրոն, որտեղ դանակի գործադրմամբ սպառնացել են վտանգավոր բռնություն գործադրել վաճառողուհու կյանքի նկատմամբ։ Երիտասարդներից մեկը փակել է վաճառողուհու բերանը, իսկ մյուսը առեւտրի կենտրոնի սրահի ցուցափեղկից հափշտակել ոսկյա զարդերը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալվել ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: